BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Բագրատյանը` Քոչարյանին. «Տեղեկություն ունե՞ս, թե ի՞նչ է եղել Սևան-Հրազդան կասկադը»

Բագրատյանը` Քոչարյանին. «Տեղեկություն ունե՞ս, թե ի՞նչ է եղել Սևան-Հրազդան կասկադը»
19.01.2014 | 13:05

«Քոչարյան-ՀՀԿ կրակոցները հետաքրքիր են դառնում»,- գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում` նշելով այդ «կրակոցների» երկու հնարավոր տարբերակ: Առաջինն, ըստ Բագրատյանի վարկածի, այն է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը «պայմանավորված խաղ է տանում Քոչարյանի հետ և արհեստականորեն վերջինիս ռեաբիլիտացիա անելով փորձում է իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը ներկայացնել իբրև Սարգսյան-Քոչարյան դիմակայություն», իսկ համաձայն երկրորդ վարկածի` «դուրսը, վախենալով երկրում առկա խայտառակ վիճակից ու նոր, իրական ընդդիմության ձևավորումից, փորձում է քարտերը խառնել, թե` եղբայր, ձեր ընդդիմությունն էլ, դիմությունն էլ էս Սարգսյանն ու Քոչարյանն են, որ կան»:

Հրանտ Բագրատյանը նկատել է, որ Քոչարյանի` վերջին օրերին հրապարակված հարցազրույցում բացահայտումներ կան: «Քոչարյանի հուշերից պարզվում է, որ 1995-1996թթ. ընդամենը 60 մլն դոլարով նախկին իշխանությունները (այդ թվում ձեր խոնարհ ծառան) կառուցել էին Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը։ Այն, պարզվում է, 250 մլն դոլարով վաճառվել է «Գազպրոմին» և 300 մլն է ծախսվել մնացած 10 տոկոսն ավարտելու համար։ Հիշեցնեմ, որ 1999-ի մազութի գործի մեջ ամենամեծ բաժինը վերաբերվում էր Հրազդանի 5-րդ էներգաբլոկին։ Ուրեմն` Քոչարյանը հիանալի գիտեր, թե ընդամենը 60 մլն դոլարով ինչ աշխատանք էր կատարվել։ Ուրեմն` մազութի գործով «ելույթ ունեցող» ստահակներին ինքն էր լարել»:

Հայտնի է, որ «մազութի գործը», որը Քոչարյանի իշխանության գալուց հետո մեծ աղմուկ հանեց, մի օր առանց աղմուկի փակվեց: Բագրատյանն այդ թեման շարունակելով գրել է. «Չեմ մոռանա, երբ դատախազության քննիչն ինձ հարցրեց. էս 3 մլն-ը Թուրքմենստանին ի՞նչի եք փոխանցել։ Ասում եմ, 5 տարում 6 մլրդ մ3 գազ եմ բերել, 80 մլն դոլար պիտի տայինք (ներկայումս «Գազպրոմին» մենք յուրաքանչյուր տարի 320 մլն դոլար ենք փոխանցում), հիմա 3-ն էլ չտայինք։ Քննիչն ասում է` է, հա չէիք տվել, չէիք տվել, էդ 3-ն էլ չտայիք։ Իհարկե, շնորհակալություն պետք է հայտնեմ քննիչներին, որոնք, խորանալով գործի մեջ, վերջում ասացին, թե մի օր այս ժողովուրդը կհասկանա, թե ինչ եք արել»: Հրանտ Բագրատյանը նաև երկրի համար կարևոր հարցադրում է արել. «Ինչո՞ւ պետք է Հայաստանը էներգետիկ օբյեկտ չունենա» և մի վերջին հարց ուղղում Ռոբերտ Քոչարյանին. «Տեղեկություն ունե՞ս, թե ի՞նչ է եղել Սևան-Հրազդան կասկադը»:

Նշենք, որ «Սևան-Հրազդան» ՀԷԿ Կասկադը 2011-ին գնել է Ռուսաստանի քաղաքացի Եվգենի Դոդը և կառույցը դարձել է «Ռուսհիդրոյի» սեփականությունը: Կասկադի բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է մի ինչ-որ իրավաբանական անձի, որի անունը չի նշվել երբեք: Չար լեզուներն ասում են, որ Քոչարյանի մատը խառն է այս պատմության մեջ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1848

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ